Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, Դավիթ Տոնոյանը հետևել է մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացմանը և զորամասում ընթացող սեզոնային սպասարկման աշխատանքներին:
Նշվում է, որ զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, առաջադրված խնդիրների կատարման, ինչպես նաև ճամբարային հավաքի շրջանակում նախորդ օրն անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության արդյունքների մասին:
Անակնկալ ստուգայցի շրջանակում Դավիթ Տոնոյանի հրամանով զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զրահատեխնիկայի և զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու մարտական տարբեր խնդիրների կատարման պատրաստականությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







