Բաքվում նոյեմբերի 21-22-ը նախատեսվում է կլոր սեղան-քննարկում, որին Հայաստանից կմասնակցի 5 փորձագետ, տեղեկանում ենք կառավարության օրակարգում ներառված նախագծից, որին գործադիրը նոյեմբերի 20-ի նիստում հավանություն է տվել։
Նախագծում նշվում է, որ նրանց մասնակցությունն ապահովելու համար նախատեսվում է կազմակերպել Երևան-Բաքու-Երևան չարտերային թռիչք՝ 17,55 մլն դրամ ֆինանսավորմամբ։
Կառավարության աշխատակազմում ընդգծել են, որ «քննարկումը նպատակ ունի ակտիվացնել հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և ձևավորել երկու երկրների հասարակությունների միջև վստահության կառուցման գործնական մեխանիզմներ»։
Կառավարության ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ «քննարկմանը փորձագետների մասնակցությունը դիտվում է որպես լրացուցիչ հարթակ՝ կողմերի փոխադարձ կապը և թեմատիկ համագործակցությունը զարգացնելու համար»։
Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչները Երևանում էին հոկտեմբերի 21-22-ը։ Հոկտեմբերի 22-ին նրանց ընդունել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ավելի ուշ հայտարարել էր հայ փորձագետների սպասվելիք փոխադարձ այցի մասին։ Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում էր նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևան։




































