Նոյեմբերի 6-ին կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը, հայտնել են Մայր Աթոռից։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով:
Նշվում է, որ որոշման համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Ըստ հաղորդագրության՝ Հունանյանն ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից, անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները, մասնակցել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ-խմբ․) կազմակերպած հակականոնական արարողությանը։
Նա նաև հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, ինչպես նաև անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։
Հունանյանը հրաժարվել էր Մայր Աթոռում մասնակցել իր կարգապահական հարցով քննարկմանը։
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ Հունանյանի և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի կարգապահական հարցերն ընդգրկված են Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի օրակարգում։
Ասատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծեսեր էր մատուցել հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։ Դրանց նախորդել էր հոգևորականների կալանքների երկրորդ ալիքն Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Փաշինյանը նոյեմբերի 2-ի ծեսից հետո հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին կմասնակցի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին, որը կանցկացնի Թախմազյանը։
Կարդացեք նաև՝





































