Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը, հայտնում են Մայր Աթոռից։
Նշվում է, որ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Համաձայն եզրակացության՝ Ասատրյանը «հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով եկեղեցուց»։
«Նա երիցս համառել է ներկայանալ հանձնախմբի նիստերին՝ շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»,- ասված է հայտարարության մեջ:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով, հայտնում են Մայր Աթոռից:
Ավելի վաղ Տեր Արամի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել նրա հնչեցրած հայտարարությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։
Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։





































