Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ հոգևորականներին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
ՔԿ-ից մանրամասնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է հաղորդման առթիվ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):
Ավելի վաղ համացանցում տարածվել էր Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հոգևորականների միջև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներին մասնակցելու վերաբերյալ ենթադրյալ զրույցի ձայնագրություն։ Ըստ իշխանական Civic.am կայքի՝ ձայնագրության մեջ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին հոգևորական Աղան աբեղա Երնջակյանի միջև զրույցն է։ Armenia Today-ի խմբագրությունը նշում է, որ չունի ձայնագրության իսկության հաստատումը։ Մայր Աթոռից շեշտել էին, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ»։
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքը սկսվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Մինչդեռ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել նրա հնչեցրած հայտարարությունները։ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։
Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։




































