Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին մարզական զույգի անցումը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հավաքական թիմ։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նշել է, որ զույգը միջազգային մրցաշարերում ներկայացնելու է Հայաստանը։
«Այս լուրը պատմական նշանակություն ունի ոչ միայն այն առումով, որ առաջին անգամ Հայաստանը կունենա ներկայացուցիչ մարզական զույգերի անվանակարգում, այլև այն փաստով, որ մեծ հավանականությամբ Ակոպովա-Ռախմանին զույգը, մասնակցելով Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին, կարող է նվաճել ուղեգիր դեպի Միլան-Կորտինա 2026 թվականի Օլիմպիական խաղերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 14-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ գեղասահորդներ Ակոպովան և Ռախմանինը պաշտոնապես փոխել են իրենց մարզական քաղաքացիությունը։
21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը միասին հանդես են գալիս 2020 թվականից։ Կարինան նշել էր, որ Հայաստանը ներկայացնելու գաղափարն իր մոտ վաղուց է ծագել։ «Ես հայ եմ, իմ բոլոր նախնիները հայեր են։ Այդ մտքերը միշտ ինձ հետ էին։ Երբ նոր էի սկսում զույգերով գեղասահքը, իմ մարզիչ Ստաս Մորոզովն ասում էր, որ պետք է Հայաստանի համար հանդես գամ։ Ինձ նույնիսկ անվանում էին «տատիկ Սիրանուշ»»,- կիսվել էր նա։