Վրաստանի իշխանություններին քննադատող Եվրախորհրդարանի զեկույցը միջամտություն է երկրի ներքին քաղաքականությանը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է Gruzia online-ը։
Մայիսի 5-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն հաստատել է զեկույց, որը նկարագրում է Վրաստանում ժողովրդավարության նահանջը։ Այն նաև աջակցություն է հայտնում երկրի ընդդիմադիր տրամադրված բնակչությանը և մերժում երկրի խորհրդարանի լեգիտիմությունը 2024 թվականի ընտրություններից հետո և նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել երկրի իշխանությունների նկատմամբ։
«Զեկույցը ներկայացնում է հասարակության մեջ բևեռացում հրահրելու, ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը ժողովրդից բաժանելու և հասարակությունում հակաժողովրդավարական և արմատական տրամադրություններ արթնացնելու ևս մեկ փորձ։ Վրացական հասարակության դեմ սպառնալիքներն ու շանտաժն անընդունելի են, քանի որ դրանք համարվում են միջամտություն երկրի ներքին քաղաքականությանը և առաջացնում են ցանկացած ինքնիշխան պետության արդարացի վրդովմունք»,- ասվում է հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունը նաև անընդունելի է համարել ԵՄ ինստիտուտների օգտագործումը վրացական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հարձակվելու համար։
«Եվրոպական հաստատության կողմից նման անարդար վերաբերմունքը խաթարում է Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները և վնասում մեր ընդհանուր շահերին»,- ընդգծել է Արտաքին գործերի նախարարությունը։
Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության համար և ակնկալում կառուցողական և արդար մոտեցում ԵՄ հաստատություններից։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել էր խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53,93%-ը և ստանալով օրենսդիր մարմնի 150 տեղերից 89-ը։ Նույն թվականի նոյեմբերի 28-ին «Վրացական երազանքը» որոշել էր կասեցնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը և հրաժարվել Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից։
Հունվարին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը Եվրամիությունից սպասում է ներողության՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին պետական հեղաշրջման փորձին աջակցելու կապակցությամբ: Փետրվարի 27-ին Թբիլիսին մեղադրել էր ԵՄ-ին «գաղութային մտածելակերպի» և շանտաժի մեջ։
Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասն ապրիլին հայտարարել էր, որ միության 26 անդամ պետություններ պատրաստ են աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, սակայն մեկ երկիր արգելափակում է այդ գործընթացը։






































