Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Եվրամիությանը մեղադրել է երկրի քաղաքացիներին վիզային ռեժիմի առնչությամբ շանտաժի ենթարկելու մեջ, հայտնում է News Georgia-ն։
Պապուաշվիլի խոսքով՝ Բրյուսելը փորձում է երկրին պարտադրել օրենքներ, դատավորների և դատախազների նշանակման կարգ, միասեռ ամուսնությունների օրինականացում և այլ պահանջներ՝ սպառնալով վիզային ռեժիմի սահմանափակմամբ:
«Շանտաժի գլխավոր ուղերձն է՝ կա՛մ ենթարկվում եք մեր կամքին, կա՛մ գալիս եք մեր դեսպանատներ՝ վիզա ստանալու»,- հայտարարել է Պապուաշվիլին:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն արդեն 35 տարի է՝ «ուսումնասիրում» է Վրաստանին, բայց դեռ չի հասկանում այդ երկրի հասարակական տրամադրությունները:
«Երկաթե վարագույրի անկումից ի վեր՝ նրանք եկել են, խինկալի և խաչապուրի են կերել, նայել են «Մայր Վրաստանին», կարդացել են մի քանի տող «Ընձենավորից», բայց դեռ չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն»,- ասել է խոսնակը:
Պապուաշվիլին Բրյուսելին մեղադրել է նաև «գաղութային մտածելակերպի» մեջ՝ ԵՄ-ի գործողությունները համեմատելով եվրոպական տերությունների նախկին գաղութային փորձի հետ:
Կտրուկ հռետորաբանության պատճառ է դարձել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նամակը, որում հաստատվում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի մասնակի կասեցումը: ԵՄ-ն երկրի իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել կառավարման բարելավման, իրավունքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:
Հունվարին Պապուաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը Եվրամիությունից սպասում է ներողության՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին պետական հեղաշրջման փորձին աջակցելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցերն սկսվել էին 2024 թվականի նոյեմբերի 28-ին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, որ իշխանությունները մինչև 2028 թվականը չեն բարձրացնի ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը:




































