Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ընդգծել Ֆրանսիայի ու Հայաստանի միջև առկա սերտ կապը։
«Այս օրը՝ ապրիլի 24-ին, Հանրապետությունը (Ֆրանսիան-խմբ.) հարգում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և խոնարհվում նրանց հիշատակի առջև։ Սա առիթ է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անքակտելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի, իսկ ֆրանսիացիներին՝ հայերի հետ»,-ասված է Ֆրանսիայի առաջնորդի՝ X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։
Ֆրանսիան առաջին խոշոր եվրոպական երկիրն էր, որը 2001 թվականին օրենքի ուժով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 2019 թվականին Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում ներառվել է պետական հիշատակի օրերի օրացույցում՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշատակի տուրք է մատուցում 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
2018 թվականին՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման աստիճանաբար կորցնում է իր դիվանագիտական առաջնահերթությունը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։
Կարդացեք նաև՝





































