Դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստանի» աջակիցներ «Տաշիր պիցցա» պիցցերիայի ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունները, հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ նրանք ազատ են արձակվել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության 17 աջակից, այդ թվում՝ Ղազարյանը և Բաղումյանը, բերման էին ենթարկվել ապրիլի 17-ին՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտից, ուր քաղաքացիները հավաքվել էին իրենց աջակցությունը հայտնելու կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։ Այդ օրը նրա տնային կալանքի հարցն էր քննվում, որն ավելի ուշ 3 ամսով երկարաձգվել էր։
Բերման ենթարկելու գործընթացն սկսվել էր, երբ Թբիլիսյան խճուղու կողմից քաղաքացիներից դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի հատված և դժվարացրել տրանսպորտի տեղաշարժը, ինչից հետո ոստիկանությունն սկսել էր նրանց դուրս մղել դեպի մայթ։ Քննիչները Ղազարյանին մեղադրել էին խուլիգանության, իսկ Բաղումյանին՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի ունեցողը որակել են որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապ՝ կուսակցության ու դրա առաջնորդի վարկանիշի աճի ֆոնին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության 17 աջակցի խափանման միջոցների հարցը դատարանն սկսել էր քննել ապրիլի 19-ին։






































