Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ փետրվարի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մարտի 5-ին:
«Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս: Առաջիկայում կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ»,- գրել է նա:
Վարդևանյանը հավելել է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր՝ առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի՝ «հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար»:
Կարապետյանին 2025 թվականի հունիսին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած մի քանի անգամ երկարացրել էր բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին բավարարել էր պաշտպանության կողմի միջնորդությունը, և Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանք և գրավ։






































