ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է փետրվարի 26-ին տեղի ունեցած զինծառայողի մահվան դեպքին:
«Յուրաքանչյուր հանցագործության և, առավել ևս, զինծառայողի մահվան դեպք ցավ է պատճառում և մտահոգությունների տեղիք տալիս, նաև լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության մասին խոսում»,- նշել է փոխնախարարը:
Սարգսյանը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և ընթանում է նախաքննություն:
«Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր նմանատիպ դեպքով կատարվում է քննություն, կարծում ենք, որ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքներով պատճառներ, նպաստող պայմաններ ի հայտ կբերվեն, և դրան համարժեք քայլեր կձեռնարկվեն»,- ընդգծել է նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք զինծառայողը ենթարկվե՞լ է ճնշումների, փոխնախարարը հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ պատճառաբանելով, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը հստակ տեղեկատվություն կտրամադրի: Նա, միաժամանակ, հավաստիացրել է, որ բանակում մահերի թիվը չի ավելացել, և նման դեպքերը հաճախակի չեն լինում:
Ռազմական ոստիկանությունում փետրվարի 26-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել կրակոցների հետևանքով զինվորի մահվան մասին: Մահացածն Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա Նարեկ Հակոբյանն է: Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է, նա հայտնաբերվել է:





































