Եթե ազնիվ լինենք, Ջերմուկի դեպքերից հետո հայ հասարակության մեջ կա կասկած ՀԱՊԿ-ի առաքելության հետ կապված, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Կարծում եմ՝ ՀՀ նոր առաջնորդը, ով պետք է լինի ավելի ուժեղ, պետք է վերահաստատի մեր դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային դաշնակիցների հետ, բայց նաև լուծի հայ ժողովրդի համար կարևոր խնդիր, կարևոր հարց, որը բաց է մնացել։ Այսինքն՝ Ջերմուկի դեպքերից հետո մեր հասարակությունն ունի հարց ՀԱՊԿ-ի հետ կապված, և, կարծում եմ, նոր առաջնորդը պետք է առաջին իսկ քայլերից մեկը վերահաստատի ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հաստատելու գործում», - հայտարարել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ դա արդեն ՀԱՊԿ-ի գործընկերների խնդիրն է, որպեսզի նրանք հաստատեն իրենց էֆեկտիվությունը հայ ժողովրդի համար։
«Բանակցությունների արդյունքում իրենք պետք է ցույց տան մեր հարևան երկրին, որ օտար երկրի անեքսիան, առավել ևս, ՀԱՊԿ-ի անդամ երկրի, անընդունելի է։ Միայն այդ դեպքում մեր հասարակությունը կընդունի ՀԱՊԿ-ին որպես երկարաժամկետ դաշնակից»,- նշել է Կարապետյանը։
Ըստ գործչի՝ դիվանագիտական ռեսուրսները բավարար են, որպեսզի այդ հարցը լուծվի։
«Եթե մենք վստահ լինենք, որ ՀԱՊԿ-ը հասկացավ խնդրի լրջությունը և նաև գործընկեր հանդիսացավ Հայաստանի համար, այդ խնդիրը հնարավոր է լուծել խաղաղությամբ և դիվանագիտությամբ։ Նրանք պետք է գործադրեն ջանքեր, եթե կուզեք, կասեմ ճնշում այդ երկրի հանդեպ, որպեսզի նա ազատի հայկական սուվերեն տարածքը»,- ընդգծել է Կարապետյանը։
Երևանը սառեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2025թ. նոյեմբերի 27-ին հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրները հարգանքով են վերաբերվում այդ կազմակերպությանը Հայաստանի չմասնակցելու դիրքորոշմանը, քանի որ դա երկրի ընտրությունն է:




































