Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել է շուրջ 2000 մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն իրանցի պաշտոնյայի։
Ըստ աղբյուրի՝ զոհերի թվում կան ինչպես բողոքի ցույցերի մասնակիցներ, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցներ, սակայն հստակ թվեր չեն նշվում։ Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ մարդկանց մահվան համար պատասխանատվությունը կրում են «ահաբեկիչները», բայց այլ մանրամասներ չի հաղորդել։ Պարբերականը նշում է, որ սա զոհերի նման մեծ թվի առաջին պաշտոնական խոստովանությունն է երկրում լայնածավալ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր։
Իրանում ցույցերն սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նաև հավանական էր համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։
Իրանի իշխանությունները դեռևս հրապարակավ չեն մեկնաբանել Վաշինգտոնի որոշումը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախաձեռնությունը քննադատել է Չինաստանը։ Պարբերականը հիշեցնում է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանն իր նավթի զգալի մասն արտահանում է Չինաստան, ինչպես նաև Թուրքիա, Իրաք, ԱՄԷ և Հնդկաստան։






































