ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բիզնես վարող ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ առևտրում կբախվի 25% մաքսատուրքի։ Այս մասին նա գրել է Truth Social-ում:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ այս կարգադրությունը վերջնական է՝ առանց մանրամասնելու, թե արդյոք դրանք ուղղված կլինե՞ն Իրանի առևտրային բոլոր գործընկերների դեմ:
Թրամփի այս կարգադրությունն Իրանի իշխանությունների դեմ գործողությունների շարքում է. ԱՄՆ նախագահն ավելի վաղ սպառնացել էր միջամտել, եթե ցուցարարների նկատմամբ դաժան գործողություններ իրականացվեն:
HRANA մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ Իրանում դեկտեմբերի 28-ին սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 572 մարդ՝ 503 ցուցարար և անվտանգության 69 աշխատակից։ Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 10 694 մարդ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը հունվարի 12-ին քննարկել էին Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը:





































