Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի և տեղի կարգալույծ հայտարարված նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից, հայտնել է Արագածոտնի թեմը։
Նշվում է, որ համայնքապետի հետ զրույցից հետո հոգևորականները և հավատավոր ժողովուրդն անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս էին եկել եկեղեցուց, որից հետո համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» էր կատարվել:
Նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգևորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք և «Նռնօրհնեքի» կարգ էին կատարել։
Թեմից նաև հայտնել են, որ Սափեյանը ցանկություն է հայտնել 2026թ. հունվարի 6-ին Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված պատարագին իր անձը ներկայացնել որպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդի անունը:
Արագածոտնի թեմը հիշեցրել է, որ եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը հանդիսանում է քրեական հանցագործություն: Թեմից նաև հավելել են, որ եկեղեցում խաչքավոր կարող է լինել նա, ով ամբողջությամբ ընդունում է Հայ Առաքելական եկեղեցու կարգուկանոնը, սրբազան ավանդությունը և վերջինիս անբաժանելի մաս կազմող նվիրապետությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բողոք հայտնել Հայ Առաքելական եկեղեցու պատարագի ժամանակ, եթե լսվի Գարեգին Երկրորդի անունը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցապատկան «Շողակաթ» հեռուստաընկերությունը։






































