Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի ֆինանսավորումը 2026 թվականի հաստատված բյուջեի համեմատ կավելանա 591 մլն դրամով, իսկ արդարադատության և իրավապահ համակարգի մի շարք մարմինների հատկացումները կաճեն 200 մլն-ից մինչև 2,25 մլրդ դրամով, Ազգային ժողովում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Բյուջեի քննարկման ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նախարարի ներկայացրած տվյալներով՝ ԱԺ-ի բյուջեն կաճի 8,4%-ով՝ 7 մլրդ դրամից հասնելով 7,6 մլրդ դրամի։ Այդ գումարից 373 մլն դրամը նախատեսված է կապիտալ ծախսերի համար։
Ամենամեծ դրամային աճը նախատեսված է Արդարադատության նախարարության համար։ Գերատեսչության ֆինանսավորումը կավելանա 2,25 մլրդ դրամով կամ 8,9%-ով՝ 25,22 մլրդ դրամից հասնելով 27,47 մլրդ դրամի։
Բարձրագույն դատական խորհրդի բյուջեն կաճի 1,91 մլրդ դրամով կամ 11,3%-ով՝ հասնելով 18,79 մլրդ դրամի։
Քննչական կոմիտեն 2027 թվականին կստանա 19,75 մլրդ դրամ՝ 548 մլն դրամով կամ 2,9%-ով ավելի, քան 2026-ին։ Դատախազության ֆինանսավորումը կավելանա 451 մլն դրամով կամ 4,2%-ով՝ հասնելով 11,09 մլրդ դրամի։
Հակակոռուպցիոն կոմիտեի բյուջեն կաճի 200 մլն դրամով՝ մինչև 3,72 մլրդ դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ֆինանսավորումը կավելանա 121 մլն դրամով կամ շուրջ 29,8%-ով՝ հասնելով 527 մլն դրամի։ Տոկոսային առումով ներկայացված մարմինների շարքում սա ամենամեծ աճն է։
Ո՞ր մարմինների բյուջեն կկրճատվի
Ի տարբերություն նշված կառույցների՝ վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը 2027 թվականին կնվազի 1,66 մլրդ դրամով կամ 6,4%-ով՝ 25,91 մլրդ դրամից հասնելով 24,25 մլրդ դրամի։
Ավելի մեծ կրճատում է նախատեսված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) համար։ ԿԸՀ-ի բյուջեն կնվազի շուրջ 5,64 մլրդ դրամով՝ կազմելով 1,87 մլրդ դրամ։
Հովհաննիսյանը կրճատումը բացատրել է նրանով, որ 2026 թվականի բյուջեում ներառված էին համապետական ընտրությունների կազմակերպման ծախսերը, որոնք 2027 թվականի նախագծում այլևս նախատեսված չեն։
Մյուս մարմիններից Սահմանադրական դատարանի ֆինանսավորումը կավելանա 73 մլն դրամով՝ հասնելով 985 մլն դրամի, Պետական վերահսկողական ծառայությանը՝ 80 մլն դրամով՝ մինչև 1,18 մլրդ դրամ, իսկ նախագահի աշխատակազմինը՝ 175 մլն դրամով՝ մինչև 1,79 մլրդ դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





