Armenia Today-ը ներկայացնում է նոյեմբերի 29-ին 7 մարզում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների մասին ահազանգերը՝ հիմնվելով դիտորդական առաքելությունների, Armenia Today-ի թղթակիցների, լրատվամիջոցների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների տեղեկությունների, ինչպես նաև իրավապահ մարմինների հրապարակած տվյալների վրա։
ՏԻՄ ընտրությունների ընթացքը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նյութը թարմացվում է օրվա ընթացքում։
10։20 | Սպիտակի թիվ 22/25 ընտրատեղամասը հոսանքազրկված է
Տեղամասում էլեկտրամատակարարումը դեռ չի վերականգնվել, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Քվեարկությունը շարունակվում է, քանի որ էլեկտրոնային սարքերն ունեն անխափան սնուցման համակարգեր և կարող են ևս 1-1,5 ժամ աշխատել առանց արտաքին սնուցման։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ առաջիկայում էլեկտրամատակարարումը կվերականգնվի։ Հոսանքազրկված ընտրատեղամասում քվեարկել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու Ավետիսյանը։
11։00 | Սարահարթում ընտրողների նկատմամբ ենթադրյալ վերահսկողության մասին ահազանգ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտնել է, որ տեղեկություններ են ստացել Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ընտրողների նկատմամբ վերահսկողության մասին։
Մելոյանը տեսանյութ է հրապարակել և նշել, որ այնտեղ երևում է, թե ինչպես են ընտրողները մոտենում ավտոմեքենայում նստած վարչական ղեկավարին և նրա հետ զրուցելուց հետո գնում քվեարկության։ Նա հիշեցրել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով արգելվում է ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը և իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել դեպքի վրա։
11։30 | «Անկախ դիտորդը» 25 ընտրատեղամասում 29 խախտում է արձանագրել
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները ժամը 10։30-ի դրությամբ այցելել են 317 ընտրատեղամասից 154-ը և դրանցից 25-ում արձանագրել ընդհանուր առմամբ 29 խախտում։
Դիտորդական առաքելությունը, մասնավորապես, արձանագրել է ընթացակարգային բնույթի 5 աննշան խախտում, քվեարկության բարձրաձայնման 2 դեպք, կահավորման պատճառով քվեարկության գաղտնիության հնարավոր խախտման 3 դեպք, ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության 10 դեպք, կուսակցությունների վստահված անձանց միջև վեճի 1 դեպք։
Դաշինքը նաև դեռևս չճշտված ահազանգ է ստացել, որ որոշ բնակավայրերում ընտրողներին հրահանգել են հատուկ ձևով ծալել քվեաթերթիկը։
Առավոտյան նիստերի ընթացքում դիտարկված ընտրատեղամասերի 28%-ում նիստերը սկսվել են մինչև 20 րոպե ուշացմամբ՝ հանձնաժողովների անդամների ուշանալու պատճառով։ Դիտորդների գնահատմամբ՝ դա էական ազդեցություն չի ունեցել գործընթացի վրա։
Դիտորդներն արձանագրել են նաև ընտրատեղամասերի կահավորման և մատչելիության խնդիրներ։ Մասնավորապես, 7 ընտրատեղամասում քվեարկության խցիկների անբավարար լուսավորությունը երեկոյան ժամերին կարող է հանգեցնել ակամա բաց քվեարկության դեպքերի։
Դիտարկված ընտրատեղամասերի 44%-ը գնահատվել է անմատչելի, իսկ 40%-ի մուտքի մոտ խոչընդոտներ են արձանագրվել։ Ընտրատեղամասերից 34-ում սենյակային ջերմաստիճանը գնահատվել է անբավարար ցածր, իսկ 14-ում սանհանգույցը բացակայել է կամ հասանելի չի եղել։
Դաշինքի տվյալներով՝ հանձնաժողովները պատրաստակամություն են հայտնել վերացնել դիտորդների արձանագրած խնդիրների և խախտումների բացարձակ մեծամասնությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







