Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի առթիվ բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահ, հայտնում է Մայր Աթոռը։
Տոնի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Մայր Տաճարում Սուրբ Պատարագ է մատուցվել։ Պատարագիչը Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն էր։ Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ։
Պատարագի ընթացքում Գարեգին Երկրորդի ձեռամբ Սուրբ Գեղարդը բերվել է Մոմավառության աղոթասրահ, որտեղ պահվում են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։
Հայկազուն արքեպիսկոպոսն իր քարոզում ընդգծել է, որ հալածանքներով հնարավոր չէ ստվերել ճշմարտությունը, իսկ քրիստոնեական հավատքը պետք է դրսևորվի մարդու վարքով ու կենցաղով։
«Եթե մեր քրիստոնեությունը մեզ ավելի լավ մարդ չի դարձնում, դա նշանակում է՝ մենք ձախողվել ենք. ոչ թե քրիստոնեությունն է ձախողվել, այլ մենք ենք ձախողվել քրիստոնյա լինելու մեր կոչման մեջ»,- ասել է արքեպիսկոպոսը։
Պատարագի ավարտին կաթողիկոսն օրհնել է ներկաներին, որից հետո հավատացյալներին հնարավորություն է տրվել երկրպագելու և համբուրելու Սուրբ Գեղարդը։
Սուրբ Գեղարդը Մոմավառության աղոթասրահում մնացել է մինչև երեկոյան ժամերգության ավարտը։
Գարեգին Երկրորդի կոնդակով հայոց առաջին լուսավորիչների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







