Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը 2025–2026 մրցաշրջանն ավարտել է կանանց թրասուսերի համաշխարհային վարկանիշի առաջին հորիզոնականում, հայտնում է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE)։
Մրցաշրջանի ընթացքում 32-ամյա մարզուհին հինգ միջազգային մրցաշարում բարձրացել է պատվո հարթակ։ Նա հաղթել է Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքում անցկացված Գրան պրիում, արծաթե մեդալներ նվաճել Աթենքի աշխարհի գավաթի փուլում և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում, իսկ բրոնզե մեդալներ՝ ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի և Պերուի Լիմա քաղաքներում։
FIE-ի տվյալներով՝ մրցաշրջանի ընթացքում կանանց թրասուսերում որևէ այլ մարզուհի հինգ անգամ չի ընդգրկվել մրցանակային եռյակում։
Եգորյանը 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալներ է նվաճել անհատական և թիմային մրցումներում։ Նա 2015 և 2019 թվականներին դարձել է աշխարհի թիմային չեմպիոն։
Եգորյանը 2025 թվականի հուլիսին Թբիլիսիում նվաճել էր աշխարհի առաջնության անհատական ոսկե մեդալը՝ եզրափակչում 15։11 հաշվով հաղթելով լեհ մարզուհի Զուզաննա Չեսլարին։ Դա նրա երրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն էր և առաջինը՝ անհատական մրցումներում։
Ռուսաստանցի սուսերամարտիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին սահմանափակվել էր 2022 թվականին։ 2023 թվականի մարտին նրանց թույլատրվել էր վերադառնալ անհատական մրցումներին, իսկ 2025 թվականի մայիսին FIE-ն ընդլայնել էր նրանց մասնակցության հնարավորությունները՝ թույլատրելով նաև թիմային մրցումները՝ չեզոք կարգավիճակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







