ՀԱՊԿ-ը չի քննարկում Հայաստանը կազմակերպությունից հեռացնելու հարցը, իսկ երկրի համար հավաքական անվտանգության երաշխիքները պահպանվում են, ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նա անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու որոշմանը՝ այն բնութագրելով որպես ֆինանսական կարգապահության պահանջներով պայմանավորված հարկադիր միջոց։
Մասադիկովի խոսքով՝ Երևանը 2024 թվականից դադարեցրել է անդամավճարների փոխանցումը։ Նա պարզաբանել է, որ կանոնադրությամբ երկու տարուց ավելի պարտքի դեպքում անդամ երկրի համար սահմանափակվում են քվեարկելու և քվոտային պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու իրավունքները։
«Միաժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում, և այն պահպանում է հավաքական անվտանգության երաշխիքները»,- ասել է գլխավոր քարտուղարը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշել են Հայաստանին զրկել ձայնի իրավունքից և կազմակերպությունում պատասխանատու պաշտոնների համար ներկայացուցիչներ առաջադրելու իրավունքից։Որոշման մասին առաջինն հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ որոշումը հիմնված է կանոնադրության վրա, քանի որ Հայաստանը մի քանի տարի չի կատարում իր պարտավորությունները։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ շատ գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից։
Նրա խոսքով՝ դա Հայաստանին կազատի «դուրս գա՞լ, թե՞ ոչ» երկընտրանքից։Հայաստանը ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը սառեցրել էր 2024 թվականին՝ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունից հետո։ Փաշինյանը նույն տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ Հայաստանը փաստացի իրեն արդեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







