ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի ներքին գործերին միջամտություն է անվանել Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, հայտարարել է նա նոյեմբերի 26-ի ճեպազրույցում։
«Նման որոշումները հայ ժողովուրդը պետք է կայացնի ինքնուրույն՝ առանց դրսից հուշումների, որոնք ոչ ոք չի հարցրել»,- ասել է Զախարովան։
Նա նաև Եվրամիությանը մեղադրել է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու և լարվածության նոր օջախներ ստեղծելու ձգտման մեջ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պնդմամբ՝ Մոսկվան հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության օգտին։
Զախարովան անդրադարձել է նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակին՝ հայտարարելով, որ հաջորդ փուլում դրա աշխատանքը կակտիվանա։ Նա կոնկրետ ժամկետներ չի նշել։
Ավելի վաղ Վադեֆուլը Tagesschau-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանին անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը կամ ընդունել նորը։ Միաժամանակ նախարարն ընդգծել էր, որ այդ հարցը վերաբերում է Հայաստանի ներքին քաղաքականությանը։
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին։ Նախագծի նախաբանում բացակայում է նաև Անկախության հռչակագրին հղումը, որում Բաքուն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է տեսնում։ Նախագծով նախատեսվում է նաև նախագահի և խորհրդարանի լիազորությունների փոփոխություն, քաղաքացիների ընտրական իրավունքների սահմանափակում և գործող դատավորների վերագնահատում։
Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր ապահովել նախագիծը հանրաքվեի դնելու համար պակասող վեց ձայնը և խոստացել հրաժարական տալ նախագիծը մերժվելու դեպքում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը բացառել էր իր գործընկերների կողմից նախաձեռնությանն աջակցելը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել այդ փոփոխությունը, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ողջունել է նախագծի հրապարակումը։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները նախագիծն անվանել են «ալիևյան Սահմանադրություն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







