Դատարանը մերժել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և կուսակցության համահիմնադիր Ալեքսան Ալեքսանյանի գույքն արգելադրելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը, լրագրողներին հայտնել է փաստաբան Արշակ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ միջնորդությունը վերաբերում էր շուրջ 28 մլն դրամի գույքային պահանջին։ Մեղադրող կողմը միջնորդել էր արգելադրել մեղադրյալների շարժական և անշարժ գույքը՝ հետագայում դրանց նկատմամբ հնարավոր բռնագանձում տարածելու նպատակով։
Փաստաբանի գնահատմամբ՝ միջնորդությունը բավարար չափով հիմնավորված չէր, իսկ ներկայացված իրավական և փաստական հիմքերը թույլ էին։
Դատարանը հետաձգել է նաև պաշտպանության կողմի՝ մեղադրանքի հիմքում դրված մի շարք ապացույցներ անթույլատրելի ճանաչելու միջնորդության քննարկումը՝ դրանց բովանդակային հետազոտությունից հետո գնահատական տալու համար։
Վարդանյանի խոսքով՝ խոսքը, մասնավորապես, քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրությունների մասին է, որոնք, ըստ պաշտպանության կողմի, քրեադատավարական օրենսդրության խախտմամբ օգտագործվել են որպես փողերի լվացմանը նախորդող ենթադրյալ հանցագործությունները հիմնավորող ապացույցներ։
Փաստաբանը հայտնել է նաև, որ պաշտպանության կողմը պատրաստվում է միջնորդել ևս 180 վկայի հարցաքննելու համար։ Նրա խոսքով՝ այդ անձինք հարցաքննվել են նախաքննության ընթացքում, սակայն նրանց ցուցմունքները չեն վկայակոչվել մեղադրական եզրակացության մեջ։
Վարդանյանի պնդմամբ՝ այդ վկաներից մի քանիսը ցուցմունքներ են տվել, որոնք հերքում են հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու վերաբերյալ մեղադրանքը։
Փաստաբանը նաև պնդել է, որ մեղադրող կողմի ներկայացրած շուրջ 111 վկայի ցուցմունքները ոչ թե հիմնավորում, այլ հերքում են մեղադրանքը։
Անդրադառնալով գործի հնարավոր քաղաքական բաղադրիչին՝ Վարդանյանը հայտարարել է, որ իր գնահատմամբ՝ գործընթացը դուրս է իրավական շրջանակներից։ Միաժամանակ նա նշել է, որ գործի քաղաքական բնույթի վերաբերյալ հարցերի պատասխանները կարող են պարզ դառնալ դատաքննության արդյունքներով։
Ալեքսանյանին հունիսի 2-ին ձերբակալել էին, իսկ հունիսի 3-ին՝ երկու ամսով կալանավորել։ Նա մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։
Դատարանը սեպտեմբերի 30-ին Ալեքսանյանի կալանքը երեք ամսով փոխարինել էր տնային կալանքով։ Կարապետյանն ավելի վաղ ազատ էր արձակվել 1 մլրդ դրամ գրավով, իսկ հետագայում նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվել էր։
Կարապետյանն ու Ալեքսանյանը չեն ընդունում մեղադրանքները և իրենց նկատմամբ քրեական հետապնդումը համարում են քաղաքական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







