Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երեք ամսով երկարացրել է Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և Շաքի գյուղում հայ ընտանիքի վրա հաձակվելու մեջ մեղադրվող ադրբեջանցի Նասիմի Մուսաևի կալանքի ժամկետը, հայտնել է տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Գործով առաջին դատական նիստն անցկացվել է դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Հրաչ Դաջունցի նախագահությամբ։
Հանրային մեղադրողը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը հիմնավորել է մեղադրյալի՝ փախուստի դիմելու, վարույթին խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու ռիսկերի պահպանմամբ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Գրիգորյանի խոսքով՝ տուժողն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել դատական նիստին, իսկ երեխաները դեռ հոգեբանորեն պատրաստ չեն մասնակցելու դատավարությանը։
«Ինչ վերաբերում է երեխաներին, ապա այս փուլում նրանց հոգեբանական վիճակը բավականին ծանր է։ Նրանք դեռ պատրաստ չեն մասնակցելու դատական նիստերին, քանի որ տեղի ունեցած դեպքն էական ազդեցություն է ունեցել նրանց հոգեկան վիճակի վրա»,- ասել է փաստաբանը։
Գրիգորյանի խոսքով՝ երեխաների հոգեբանական վիճակի վերաբերյալ այդ հանգամանքը հաստատել է նաև նրանց օրինական ներկայացուցիչը՝ խնամակալության և հոգաբարձության մարմնից։
Գրիգորյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը՝ գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 14-ին։
Մուսաևը, ըստ քննության տվյալների, հոկտեմբերի 1-ին ներխուժել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակելի տներից մեկը և կրակել տան բնակչուհու վրա։ Կինը և նրա երկու երեխան վնասվածքներ էին ստացել։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին երկու ամսով կալանավորել էր։
Մուսաևին մեղադրանք էր առաջադրվել հինգ հոդվածով՝ պետական սահմանն ապօրինի հատելու, հրազենի մաքսանենգության, զենքի ապօրինի շրջանառության, բնակարան ապօրինի մուտք գործելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Առավել ծանր հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է։
Քննչական կոմիտեից նոյեմբերի 13-ին Armenia Today-ին հայտնել էին, որ գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գլխավոր դատախազությունից նոյեմբերի 16-ին Armenia Today-ին հայտնել էին, որ Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







