Մասիսի նախկին քաղաքապետ, համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը մտահոգություն է հայտնել, որ Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 27-ին հրապարակվելիք որոշումը կարող է խոչընդոտել Համբարձումյանի մասնակցությունը դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին։ Ուղիղ հեռարձակումը իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
«Մենք ունենք մտահոգություններ, որ Վճռաբեկ դատարանը կայացնելու է այնպիսի դատական ակտ, այնպիսի որոշում, որով ունենան հնարավորություն Դավիթ Համբարձումյանին դեկտեմբերի 13-ի ընտրություններից չեզոքացնելու համար»,- նոյեմբերի 26-ի ասուլիսում ասել է Պապոյանը։
Փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ շուրջ մեկ ամիս Մասիսի բնակիչներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ ՔՊ-ի նախընտրական շտաբում խոսում են Համբարձումյանի հնարավոր ազատազրկման և ընտրություններից չեզոքացման մասին։
«ՔՊ-ի շտաբում խոսում են, որ «հանգիստ եղեք, Հովհաննես Հակոբյանը հաստատ անցնելու է, որովհետև Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու են»»,- բնակիչների փոխանցած խոսակցություններն է ներկայացրել փաստաբանը։
Պապոյանի գնահատմամբ՝ այդ տեղեկությունները և վճռաբեկ բողոքների քննության արագությունը հիմք են տալիս մտահոգվելու դատական գործընթացի հնարավոր քաղաքական նպատակների վերաբերյալ։
Պաշտպանության կողմի տվյալներով՝ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանների ներկայացրած վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել հոկտեմբերի 19-ին։
Փաստաբանը վճռաբեկ բողոքների քննության արագությունն աննախադեպ է համարել իր գրեթե տասնամյա փաստաբանական գործունեության ընթացքում։
Պաշտպանության կողմը կոչ է արել Վճռաբեկ դատարանի դատավորներին զերծ մնալ քաղաքական ազդեցությունից և որոշում կայացնել բացառապես գործի փաստական հանգամանքների և օրենքի հիման վրա։
Համբարձումյանն անցնում է 2019 թվականին նախաձեռնված քրեական գործով՝ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեղադրանքով։ Դատարանը նրան դատապարտել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա 2025 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել էր։
Պապոյանը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին հայտարարել էր, որ Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատժի չափը, իր գնահատմամբ, նպատակ ուներ բացառել համաներման կիրառման հնարավորությունը։
Դատարանը 2026 թվականի հունվարին Համբարձումյանի կալանքը փոխարինել էր տնային կալանքով։ Փետրվարի 11-ին դատարանը մասնակիորեն բավարարել էր նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու պաշտպանության կողմի միջնորդությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







