Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+3°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 10:01

Հայաստանում կբարձրանա ԱՁ հաշվառման տուրքը և կխստացվեն ՀԴՄ կտրոնի պահանջները

Armenian Receipt Printer and Government Building
Armenian government session on business registration rules

Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականի հունվարի 1-ից փոխել բիզնեսի գրանցման կանոնները, վերացնել անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) անվճար առցանց հաշվառման հնարավորությունը և ՀԴՄ կտրոններում մանրամասն տեղեկություններ ներկայացնելու պահանջը տարածել նաև մինչև 24 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարողների վրա։

Արդարադատության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) համապատասխան նախաձեռնությունները հավանության են արժանացել կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում։ Նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Ի՞նչ կփոխվի փոքր բիզնեսի համար

ՊԵԿ-ն առաջարկում է վերացնել մինչև 24 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար գործող բացառությունը և ՀԴՄ կտրոնների բովանդակության նկատմամբ միասնական պահանջներ սահմանել բոլոր հարկ վճարողների համար՝ անկախ շրջանառության ծավալից։

ՊԵԿ-ի նախագծի համաձայն՝ ՀԴՄ կտրոններում պարտադիր կլինի նշել՝

  • ապրանքի անվանումը և արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը,
  • աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը,
  • գնվող ապրանքի քանակը և չափման միավորը,
  • հանրային սննդի ծառայությունների դեպքում՝ մատուցվող կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի, հացաբուլկեղենի և այլ ապրանքների անվանումները։

Բացառություն է նախատեսված «կանխավճար» գրառում ունեցող ՀԴՄ կտրոնների համար։

Ներկայում նշված պահանջները տարածվում են այն հարկ վճարողների վրա, որոնց իրացման շրջանառությունը 2022 թվականից սկսած որևէ տարվա արդյունքներով կազմել է առնվազն 24 մլն դրամ։ Պահանջը շարունակում է գործել նաև հետագա տարիներին շրջանառության՝ սահմանված շեմից նվազելու դեպքում։

ՊԵԿ-ը փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ ՀԴՄ կտրոններում մանրամասն տեղեկությունների բացակայությունը հարկային մարմիններին հնարավորություն չի տալիս նույնականացնել իրացվող ապրանքներն ու մատուցվող ծառայությունները, բարդացնում է հարկային ռիսկերի գնահատումը և նվազեցնում հարկային վարչարարության արդյունավետությունը։

Կոմիտեում ակնկալում են, որ նոր պահանջները կնպաստեն ստվերային շրջանառության կրճատմանը, հարկային պարտավորությունների թաքցման կամ թերհայտարարագրման ռիսկերի նվազեցմանը, հարկման բազայի ամբողջական արտացոլմանը և նույն գործունեությունն իրականացնող տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմանների ապահովմանը։

ՊԵԿ-ը փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորում է նաև սպառողների իրավունքների պաշտպանությամբ։ ՀԴՄ կտրոններում մանրամասն տեղեկությունների առկայությունը սպառողներին հնարավորություն կտա ստուգել վճարված գումարի համապատասխանությունը փաստացի ձեռք բերված ապրանքներին կամ ստացված ծառայություններին և անհրաժեշտության դեպքում օգտվել իրենց իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներից։

Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն փոփոխությունների ազդեցության տակ հայտնվող տնտեսվարողների թվի և նոր պահանջների կատարման համար բիզնեսի հնարավոր ծախսերի վերաբերյալ գնահատականներ։ ՊԵԿ-ը նախագծի ընդունման հետևանքով պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի կանխատեսում։

Դիմողների մի մասի համար բիզնեսի առցանց գրանցումը պարտադիր կդառնա

Արդարադատության նախարարությունն առաջարկում է նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիներին և Հայաստանում կացության համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին պարտավորեցնել պետական ռեգիստրի մի շարք ծառայություններից օգտվել բացառապես էլեկտրոնային եղանակով։

Արդարադատության նախարարության փոփոխությունները վերաբերում են անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառմանը, նրանց վերաբերյալ տեղեկությունների փոփոխության հաշվառմանը և հաշվառումից հանմանը՝ բացառությամբ օրենքով նախատեսված առանձին դեպքերի։

Պարտադիր էլեկտրոնային եղանակ է նախատեսվում նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ), բաց և փակ բաժնետիրական ընկերությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների պետական գրանցման՝ օրենքով նախատեսված համապատասխան դեպքերի համար, երբ կիրառվում են փաստաթղթերի օրինակելի ձևերը։

Իրավաբանական անձի սկզբնական պետական գրանցման էլեկտրոնային դիմումը պետք է ստորագրի կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ գործադիր մարմնի ղեկավար նշանակված կամ ընտրված անձը։

Նոր պահանջների շրջանակում ընդգրկված անձանց թղթային դիմումները չեն ընդունվի։ Դիմողն այդ մասին կտեղեկացվի դիմումը ներկայացնելու պահին, իսկ նրա պահանջով կտրամադրվի գրավոր ծանուցում՝ կիրառելի իրավական կարգավորումների վերաբերյալ։

ՀՀ քաղաքացիների նույնականացման քարտի առկայությունը պետական ռեգիստրի աշխատակիցները կստուգեն բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի միջոցով։ Օտարերկրյա քաղաքացիների դեպքում համապատասխան փաստաթղթի առկայությունը կպարզվի բացառապես նրանց ներկայացրած տեղեկությունների հիման վրա։ Նման տեղեկությունների բացակայության դեպքում կհամարվի, որ անձը չունի համապատասխան փաստաթուղթ։

Թղթային դիմումներ ներկայացնելու հնարավորությունը կպահպանվի նույնականացման քարտ չունեցող ՀՀ քաղաքացիների և Հայաստանում կացության համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար։ Բացառություն է նախատեսված նաև փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձանց համար։

Ինչո՞ւ են իշխանությունները պարտադիր դարձնում առցանց գրանցումը

Արդարադատության նախարարությունը նախաձեռնության անհրաժեշտությունը հիմնավորել է պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայություններից օգտվողների ցածր ցուցանիշներով՝ չնայած այդ ծառայություններից օգտվելու տեխնիկական հնարավորությունների առկայությանը։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի նոր էլեկտրոնային հարթակը 2025 թվականի դեկտեմբերի է գործարկվել, և դրա միջոցով քաղաքացիները կարող են օգտվել մի շարք ծառայություններից՝ կիրառելով «Ես եմ» ազգային նույնականացման համակարգը։

Սակայն, նախարարության տվյալներով, 2026 թվականի հունվար-հունիսին դիմողների ճնշող մեծամասնությունը շարունակել է օգտվել թղթային ծառայություններից։

Առաջին կիսամյակում թղթային եղանակով հաշվառվել է 11 905 անհատ ձեռնարկատեր, իսկ առցանց եղանակով՝ 2 048։ Այսպիսով՝ ԱՁ հաշվառումների ընդհանուր թվի միայն 14,7%-ն է իրականացվել էլեկտրոնային եղանակով։

ՍՊԸ-ների գրանցման դեպքում էլեկտրոնային դիմումների մասնաբաժինը կազմել է 12,5%։ Թղթային եղանակով գրանցվել է 5 612 ընկերություն, իսկ առցանց՝ 803։

Գրանցված 54 փակ բաժնետիրական ընկերությունից յոթն են օգտվել էլեկտրոնային ծառայությունից։ Բոլոր յոթ բաց բաժնետիրական ընկերությունները գրանցվել են թղթային եղանակով։ Հասարակական կազմակերպությունների գրանցման դեպքում էլեկտրոնային դիմումների մասնաբաժինը կազմել է 9,8%։

Էլեկտրոնային ծառայություններից օգտվելու ցուցանիշը ցածր է նաև գործող անհատ ձեռնարկատերերի շրջանում։ ԱՁ տվյալների փոփոխության 3 553 դիմում առաջին կիսամյակում ներկայացվել է թղթային եղանակով, իսկ առցանց՝ ընդամենը 246։

Արդարադատության նախարարությունում կարծում են, որ նույնիսկ էլեկտրոնային նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում դիմողները սովորույթի ուժով շարունակում են օգտվել թղթային ծառայություններից։

Նախարարությունում ակնկալում են, որ պարտադիր էլեկտրոնային եղանակի ներդրումը կնվազեցնի վարչարարական բեռը և թղթային փաստաթղթաշրջանառությունը, կբարձրացնի պետական ծառայությունների մատուցման թափանցիկությունը և կպարզեցնի բիզնես սկսելու ընթացակարգերը։

Որքա՞ն կարժենա ԱՁ հաշվառումը

Պարտադիր էլեկտրոնային եղանակի ներդրմանը զուգահեռ Արդարադատության նախարարությունն առաջարկում է վերանայել անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման և նրանց վերաբերյալ տեղեկությունների փոփոխության համար սահմանված պետական տուրքերի չափերը։

Թղթային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում ԱՁ հաշվառման պետական տուրքը կբարձրանա ավելի քան երեք անգամ՝ 3 000 դրամից հասնելով 10 000 դրամի։

ԱՁ անվճար առցանց հաշվառման հնարավորությունը կվերացվի։ Էլեկտրոնային եղանակով հաշվառման դիմում ներկայացնելու համար կսահմանվի 3 000 դրամ պետական տուրք։

ԱՁ տվյալների փոփոխության համար թղթային դիմում ներկայացնելու դեպքում ևս կգանձվի 3 000 դրամ պետական տուրք։ Բացառություն կկազմեն այն տեղեկությունները, որոնք Պետական ռեգիստրի տվյալների բազայում ինքնաշխատ կերպով թարմացվում են՝ առանց ձեռնարկատիրոջ լրացուցիչ դիմումի։

Նախարարությունը պետական տուրքերի տարբեր դրույքաչափերի սահմանումը հիմնավորել է էլեկտրոնային ծառայություններից օգտվելը խրախուսելու անհրաժեշտությամբ։

Նախագծերի ընդունման հետևանքով պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում։ Միաժամանակ, բյուջեի եկամուտները կարող են փոփոխվել՝ կախված պետական տուրքերի նոր չափերից և էլեկտրոնային ու թղթային դիմումների հարաբերակցությունից։ Բյուջետային մուտքերի փոփոխության վերաբերյալ կոնկրետ կանխատեսումներ փաստաթղթերում ներկայացված չեն։

Արդարադատության նախարարության նախաձեռնությունը մշակվել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի շրջանակում, որը կառավարությունը 2026 թվականի հունվարի 8-ին հաստատել է։

ՀԴՄ կտրոններին ներկայացվող նոր պահանջների և բիզնեսի գրանցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։ Արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունները պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հանձնարարել է 2027 թվականից հինգ տարով արտոնյալ հարկային ռեժիմներից զրկել մեկ տարում երեք անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրած բիզնեսներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  6. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+