ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ֆոնդային շուկայի կտրուկ անկումը կապել է նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակի հետ։
«Բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքների պատճառով։ Ես թեկնածուների ցուցակում չէի, բայց եթե լինեի, արդյունքները, ինչպես նախորդ երեք անգամ, բոլորովին այլ կլինեին, իսկ ֆոնդային շուկան և ձեր կենսաթոշակային հաշիվները վերելք կապրեին։ Ես ձեզ զգուշացրել էի»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նոյեմբերի 25-ին Dow Jones ինդեքսը նվազել է 0,7%-ով, S&P 500-ը՝ 1,9%-ով, իսկ Nasdaq-ը՝ 3%-ով։
Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի հետ կապված ընկերությունների շարքում Nvidia-ի բաժնետոմսերն էժանացել են 7%-ով, Micron Technology-ինը՝ 10%-ով, Oracle-ինը՝ ավելի քան 6%-ով, Alphabet-ինը՝ ավելի քան 4%-ով, իսկ Dell Technologies-ինը՝ 5%-ով։
Վերլուծաբանները մտահոգված են, որ ԱԲ ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի անկմամբ պայմանավորված շուկայի անկումը կարող է շարունակվել տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում քաղաքացիներն ընտրել էին 100 սենատորից 35-ին և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամին։ Նահանգապետերի ընտրություններ էին անցկացվել 36 նահանգում։
Ընտրությունների արդյունքում դեմոկրատները մեծամասնություն են ստացել Կոնգրեսի երկու պալատում։ Նոր գումարման Կոնգրեսն աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարի սկզբին։ Ներկայում երկու պալատում էլ մեծամասնություն ունեն հանրապետականները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







