ԱՄՆ իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ նախազգուշացնելով Մերձավոր Արևելքում նոր հարձակումների և հակամարտության արագ սրման վտանգի մասին։
Նախազգուշացումը հնչել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ հարձակումների և Իսրայելի կողմից Իրանին քիմիական զենք մշակելու մեջ մեղադրելու ֆոնին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նոյեմբերի 24-ին Իրանին մեղադրել էր քիմիական զենք մշակելու մեջ՝ հայտարարելով, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն պատրաստել են համատեղ հարվածների ծրագրեր։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իսրայելական կողմը քիմիական զենքի մշակման վերաբերյալ մեղադրանքները հիմնավորող ապացույցներ հրապարակայնորեն չի ներկայացրել։ Թեհրանը հերքել է դրանք՝ պնդելով, որ այդ տեղեկություններն օգտագործվում են նոր ռազմական գործողություններն արդարացնելու համար։
ԱՄՆ իշխանությունները Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին նաև հորդորել են զգոնություն ցուցաբերել և պատրաստ լինել օդային տարածքների հնարավոր փակմանը, չվերթերի չեղարկմանը և սահմանային անցումների կանոնների փոփոխությանը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով երկրի ռազմական և միջուկային օբյեկտներին։ Թեհրանը պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլին կողմերը համաձայնել էին հրադադարի շուրջ, սակայն բախումները շարունակվել էին։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հոկտեմբերի 23-ին կրկին զգուշացրել էր իր քաղաքացիներին չայցելել Իրան, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ լքել երկիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







