ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին Գևորգ Թորոսյանին նշանակել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։
Պաշտոնը մոտ մեկ ամիս թափուր էր։ Թորոսյանը փոխարինել է սեպտեմբերի 3-ին սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատված Միհրան Խաչատրյանին։ Նրա ազատման պատճառը չի հաղորդվել։
Նշանակումը տեղի է ունեցել ավիացիոն ոլորտի բարեփոխումների ֆոնին։ Կառավարությունն ապրիլի 23-ին ավելի քան 300 մլն դրամ (մոտ 830 000 դոլար) էր հատկացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխման համար։ Նպատակն է վերացնել 2024-2025 թվականներին միջազգային կազմակերպությունների հայտնաբերած թերությունները և ոլորտը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։
Հայաստանը 2025 թվականի մարտին դիմել էր Եվրամիությանը՝ հայկական ավիափոխադրողներին ավիացիոն «սև ցուցակից» հանելու խնդրանքով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն այն ժամանակ հայտնել էր միջազգային աուդիտի ընթացքում հայտնաբերված 41 թերության վերացման մասին։
Հայկական ավիաընկերությունները ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» են 2020 թվականի հունիսից։ Սահմանափակումները կապված են թռիչքների անվտանգության պահանջների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






