Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ թիմը մտադիր է Չեմպիոնների լիգայում հնարավորինս առաջ գնալ և հաղթանակների համար շարունակում է պայքարել բոլոր մրցաշարերում։
Այս մասին նա ասել է Sportmediaset-ին՝ Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Պարմայի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակից հետո։
Մխիթարյանը նշել է, որ «Ինտերն» արդեն չորս տարի բարձր նպատակներ է դնում իր առջև։ Նա հիշեցրել է, որ վերջին երեք տարիների ընթացքում թիմը երկու անգամ դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ պարտվել էր վճռորոշ խաղում։
«Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք հնարավորինս առաջ գնալ ու հասնել հնարավորինս մեծ բարձունքների»,- ընդգծել է ֆուտբոլիստը։
Անդրադառնալով «Պարմայի» դեմ հանդիպմանը՝ Մխիթարյանն ընդունել է, որ երեքշաբաթյա ընդմիջումից հետո խաղադաշտ վերադառնալը հեշտ չէր։
Նրա խոսքով՝ «Ինտերը» վստահ է սկսել հանդիպումը, խփել երեք գոլ և վերահսկել խաղի ընթացքը, թեև կարող էր ևս մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը։
Հայ կիսապաշտպանը գոլային փոխանցում է կատարել Մարկուս Թյուրամին, որը խփել է միլանյան թիմի երրորդ գոլը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







