«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերին համախմբելու և իշխանությունների քայլերի դեմ միասնական պայքար ծավալելու մտադրության մասին։ Այս մասին նա հայտնել է՝ պատասխանելով «Խաղաղություն առանց զիջումների» ծրագրի և դրա հիմնական սկզբունքների մասին Armenia Today-ի հարցին։
Խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագիրը կներկայացնի մոտ երկու շաբաթից։
«Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, ճիշտ ուժերի, որոնք իսկապես ընդդիմադիր են։ Եվ դրանից հետո այս բոլոր քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև հայտնել է, որ մտադիր է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» որոշ ներկայացուցիչների ևս ընդդիմադիր ուժերին միանալու կոչ անել։
«Երբ համախմբվենք, ես նույնիսկ դիմելու եմ ՔՊ-ականներին, որ իրենք էլ միանան մեզ, քանի որ իրենք էլ դարձել են Փաշինյանի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ․) կամակատարները»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իշխանական կուսակցության ներկայացուցիչների թվում քիչ չեն արժեքավոր մարդիկ, որոնք չպետք է մնան «Փաշինյանի կամակատարները»։
Կարապետյանը նաև քննադատել է Փաշինյանին՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներթափանցած և տեղի բնակչուհուն վիրավորած ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ հայտարարությունների համար։
Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ եթե հայ զինվորը պատահաբար հայտնվի Ադրբեջանում, նրան այնտեղ «Բեն Լադեն են դարձնելու»՝ ընդդիմության հայտարարությունների պատճառով։ Նա սպառնացել էր ընդդիմությանը պատասխանատվության ենթարկել իրենց խոսքերի համար։
Ի պատասխան՝ Կարապետյանն ընդգծել է, որ իշխանությունները, նախևառաջ, պարտավոր են ապահովել ծառայության այնպիսի պայմաններ, որ հայ զինծառայողները չմոլորվեն և չհատեն սահմանը։
«Իրենք այնպես են դա ներկայացնում, որ դրա հետ գործ չունեն։ Բա որտե՞ղ է Պաշտպանության նախարարը, Պաշտպանության նախարարության այդքան գեներալները։ Թող ճիշտ կազմակերպեն մեր զինվորների կեցավայրերը, ծառայությունները, որ նրանք չմոլորվեն»,- հայտարարել է նա։
Կարապետյանը նաև Փաշինյանին անվանել է «Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ․) կամակատար» և նրան մեղադրել ընդդիմությանը վախեցնելու փորձի մեջ։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի կարծիքով՝ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն Ադրբեջանի կողմից նման առաջին քայլերից մեկն է։ Նա զգուշացրել է, որ համապատասխան հակահարված չստանալու դեպքում նման հարձակումները կարող են ավելի մեծ մասշտաբով կրկնվել։
Կարապետյանն աջակցություն է հայտնել Շաքիի տուժած բնակչուհուն՝ նրան անվանելով հերոս կին, որը, իր խոսքով, առանց կառավարության վրա հույս դնելու՝ անձամբ պաշտպանել է իր երեխաներին և ընտանիքը։ Նա նաև խոստացել է աջակցություն ցուցաբերել կնոջը։
Առանձին Կարապետյանն անդրադարձել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջարկին։ Ռուբինյանն ավելի վաղ ԱԺ-ում Կարապետյանին առաջարկել էր իր հետ հայերենով թելադրություն գրել։
«Ռուբինյանի շարադրություն գրողը եկել է։ Շարադրության թեման էլ լինելու է՝ «Ինչպե՞ս կործանել Հայաստանը»։ Կտան այս մարդուն, կտանի, կհասցնի տեղ, ինչպես արեցին Արցախի հետ։ Արցախն էլ շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին»,- հայտարարել է Կարապետյանը՝ խոսելով ձերբակալված ադրբեջանցու հետագա ճակատագրի մասին։
Նա նաև ենթադրել է, որ իշխանությունները զինծառայողի նկատմամբ մեղմ վերաբերմունք կցուցաբերեն և նրան, իր ձևակերպմամբ, «կգուրգուրեն» ու «կփայփայեն» նույնիսկ կալանավայրում։
Ադրբեջանը Հայաստանին հայտնել էր զինծառայողի անհետացման մասին սեպտեմբերի 29-ին, սակայն ԱԱԾ-ն նրա՝ Հայաստանի տարածքում գտնվելու մասին հաղորդագրությունը տարածել էր միայն հոկտեմբերի 1-ին՝ հարձակումից հետո։
Մուսաևը հոկտեմբերի 1-ին ներթափանցել էր Շաքի գյուղի տներից մեկը և երեխաների ներկայությամբ կրակել կնոջ վրա։ Ամուսնու խոսքով՝ Անի Ավետիսյանը կորցրել է ձեռքի մատները, ոտքը կրճատել են, երկու երեխան ևս վնասվածքներ էին ստացել։ Դատարանը Մուսաևին երկու ամսով կալանավորել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել հինգ հոդվածով, այդ թվում՝ զենքի կիրառմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






