«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հարձակումից հետո սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին շներ պահելու խորհուրդ տալու մասին, հիշել է Հռոմը փրկած սագերի ավանդությունը։ Նրա ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Հայտնի թևավոր խոսք կա՝ Հռոմը ղազերը փրկեցին, ուրեմն՝ շներն էլ կարող են փրկել, նրանք վտանգը զգում են, ձայն են հանում»,- ասել է Քոչարյանը։
Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը հարձակումից հետո բնակիչներին խորհուրդ էր տվել շուն պահել և դռներն ու պատուհաններն ամուր փակել։ Armenia Today-ը պատգամավորին հարցրել էր՝ արդյոք դրանք համարժեք միջոցնե՞ր են նման դեպքերից խուսափելու համար։
Քոչարյանի խոսքով՝ խնդիրը պետք է լուծել համակարգված և քայլ առ քայլ։ Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում հնարավոր կլինի ամբողջությամբ բացառել նման ներթափանցումները։
Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի հնարավոր մտադրություններին՝ պատգամավորը նշել է, որ կինը կարողացել է պաշտպանել իրեն ու երեխաներին և զինաթափել նրան։
«Նշանակում է՝ այդքան էլ պատրաստված անձնակազմի հետ գործ չունենք։ Գործ ունենք Հայաստան թափանցած համազգեստով ադրբեջանական զինված ուժերի ծառայողի հետ»,- ասել է Քոչարյանը։
Նա, միաժամանակ, կարևորել է բոլոր վարկածների ուսումնասիրությունը՝ հնարավոր վտանգավոր մտադրությունները բացահայտելու համար։ Քոչարյանի խոսքով՝ պետական կառույցները պետք է տեղեկություններ ունենան հակառակորդի հնարավոր ծրագրերի մասին և նախապես գնահատեն սպառնալիքները։
Քոչարյանը նաև ընդգծել է, որ ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքը ցույց է տալիս, որ սահմանային ուղեկալների հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի Նասիմի Մուսաևը Շաքիում հոկտեմբերի 1-ին կրակել էր 39-ամյա Անի Ավետիսյանին։ Ավետիսյանի հարազատները ԶԼՄ-ներին ավելի ուշ պատմել էին, որ ադրբեջանցին Ավետիսյանի երկու երեխային պատանդ էր վերցրել, իսկ Ավետիսյանը նրանց պաշտպանելիս հրազենային վնասվածք էր ստացել ոչ միայն ոտքի շրջանում, այլև կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։ Ավետիսյանը վիրահատության էր ենթարկվել։ Նրա երկու երեխան նույնպես տուժել էին, տղան դաստակի շրջանում էր վնասվածք ստացել և վիրահատվել։
ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել, Մուսաևը երկու ամսով կալանավորել էր, նրան մեղադրանք էր առաջադրել հինգ հոդվածով։ Ադրբեջանի իրավապահ մարմինների տվյալներով՝ Մուսաևն անհետացել էր սեպտեմբերի 26-ին։ Միևնույն ժամանակ՝ դեռևս պարզ չէ, թե ե՞րբ էր նա հատել Հայաստանի սահմանը և մինչ հայ ընտանիքի վրա հարձակումը քանի՞ օր էր գտնվել Հայաստանի տարածքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






