Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 5-ին նվազել են Մերձավոր Արևելքից արտահանման աճի և Մեծ յոթնյակի (G7) ռազմավարական պահուստներից մատակարարումների սպասման ֆոնին, հաղորդում է Reuters-ը։
Երևանի ժամանակով ժամը 10:34-ի դրությամբ՝ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 0,71%-ով՝ մինչև 101,59 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ինը՝ 1,2%-ով՝ մինչև 90,05 դոլար։
G7-ի երկրները հոկտեմբերի 2-ին համաձայնեցրել էին առաջիկա չորս ամսվա ընթացքում ռազմավարական պահուստներից շուկա մատակարարել մինչև 100 մլն բարել նավթ և նավթամթերք։ Առաջին 20 օրում նախատեսվում է մատակարարել դիզելային վառելիքի զգալի ծավալ։
Որոշման նպատակը մատակարարումների կայունացումն ու գների աճի ազդեցությունն սպառողների և բիզնեսի վրա մեղմելն է։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմական իրավիճակի և Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումների պայմաններում Մերձավոր Արևելքից նավթի արտահանումը սեպտեմբերի վերջին շաբաթվա յոթ օրից չորսում գերազանցել էր նախապատերազմյան մակարդակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







