Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի չորս հիմնական ուղղությունը, փոխանցել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք ունենք չորս ուղղություն. առաջինը խաղաղության պայմանագիրն է, երկրորդը՝ սահմանազատումը, երրորդը՝ տրանսպորտային կապերը, իսկ չորրորդը՝ քաղաքացիական հասարակությունների միջև շփումները»,- նշել է Շաֆիևը։
Նրա խոսքով՝ թեև վերջերս որոշակի դժվարություններ են ծագել, այդ թվում՝ մշակութային ժառանգության հետ կապված, ընդհանուր առմամբ՝ պահպանվել է դրական դինամիկան։
Շաֆիևը նաև ընդգծել է, որ առանց Վրաստանի անհնար է կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Նրա կարծիքով՝ կարևոր է, որ տարածաշրջանի երեք երկիրը քաղաքական և տնտեսական համագործակցության ընդհանուր հարթակ ձևավորեն։
Նա նաև մատնանշել է «Միջին միջանցքը» և էներգետիկ ու ինտեգրացիոն գործընթացները՝ որպես տարածաշրջանի զարգացման վրա ազդող այլ կարևոր գործոններ։ Շաֆիևը հավելել է, որ էներգետիկ համագործակցությունը չի սահմանափակվում միայն ավանդական նավթով և գազով և որ այս առումով կարևոր է նաև այլընտրանքային էներգետիկան։
Օգոստոսի 10-ին ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Խաղաղության հռչակագրի մեկամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն էին տարածել։
Վաշինգտոնում նույն թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP տարանցիկ երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։
Հունիսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է ստեղծել TRIPP զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







