ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգը և հումանիտար բնույթի հարցեր, հայտնել է ԱԳՄԱՆ մամուլի ծառայությունը։
Կողմերն ընդգծել են Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ սահմանված տարբեր ոլորտներում փոխգործակցության դինամիկ զարգացումը։
Միրզոյանը և Բարնսը մտքեր են փոխանակել ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրի հասարակությունների միջև կապերի զարգացման ուղղությամբ շարունակվող աշխատանքների շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև հումանիտար բնույթի հարցերի։
Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP տարանցիկ երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։
Հունիսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է ստեղծել TRIPP զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







