«Արցախ TV»-ն ներկայիս կազմով դադարեցնում է գործունեությունը, հայտարարել է հեռուստաընկերության տնօրեն Հրայր Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի մեկ այլ հասարակական կազմակերպության։ Այլ մանրամասներ Ավետիսյանը չի հայտնել։
«Այս որոշումը մենք չենք կայացրել։ Արցախի կառավարության որոշմամբ՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի մեկ ուրիշ ՀԿ-ի»,- գրել է Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ հեռուստաընկերության ներկայիս թիմում աշխատել են Արմինե Հայրիյանը, Նորայր Հովսեփյանը, Արմինե Պետրոսյանը, Գայանե Մելքումյանը, Ծովինար Բարխուդարյանը, Տիգրան Գասպարյանը, Արսեն Եսայանը և Կարեն Պետրոսյանը։
Միաժամանակ՝ «Արցախ TV»-ի պաշտոնական էջը հայտնել է, որ հեռուստաընկերությունը վերազինման և տեխնիկական արդիականացման փուլ է մտնում։ Նշվում է, որ կարճատև դադարից հետո այն կվերսկսի աշխատանքը՝ նոր լրատվական և հեռուստանախագծերով։
«Արցախ TV»-ի պատմությունն սկսվում է 1988 թվականի հունիսի 1-ից, երբ եթեր էր հեռարձակվել Արցախի հեռուստատեսության առաջին հաղորդումը։ 2023 թվականին հեռուստաընկերությունը նշել էր հիմնադրման 35-ամյակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







