PFL-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը հայտարարել է, որ պատրաստ է UFC-ում իր նորամուտի մենամարտն անցկացնել Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի դեմ։ Այս մասին նա հայտնել է մենամարտերի կազմակերպիչ Կամիլ Գաջիևին տված հարցազրույցում։
Նուրմագոմեդովի խոսքով՝ նման մենամարտը կարող է հետաքրքիր լինել և կոմերցիոն առումով հաջողություն ապահովել UFC-ի համար։ Նա կարծում է, որ կազմակերպությունը կարող է անցկացնել այդ մենամարտը, քանի որ ներկայում Ծառուկյանի համար դժվար է այլ մրցակից գտնել։
«Վաճառքների տեսանկյունից իմ մենամարտը UFC-ի ցանկացած մարտիկի դեմ լավ է, բայց Արմանի դեմ մենամարտը վաճառվող կլինի»,- ասել է Նուրմագոմեդովը։
Նա քիչ հավանական է համարել Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի մենամարտը՝ միաժամանակ նշելով Թոփուրիայի և Փեդի Փիմբլեթի մեծ ճանաչվածությունը UFC-ում։
Արչի Քոլգանի նկատմամբ հաղթանակից հետո Նուրմագոմեդովի պայմանագիրը PFL-ի հետ ավարտվել է, և նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։ Ավելի վաղ նա Ծառուկյանին նշել էր որպես UFC-ում իր հավանական մրցակիցներից մեկը։
Ծառուկյանը UFC-ի թեթև քաշայինների դասակարգման աղյուսակում երկրորդ տեղում է։Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ հաղթանակից հետո նա հայտարարել էր, որ 2027 թվականի սկզբին ակնկալում է մենամարտել դիվիզիոնի գործող չեմպիոն Ջասթին Գեյջիի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







