Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովը սեպտեմբերի 29-ին իր առաջին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է ՖԻԴԵ-ն։
Նա կմասնակցի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլի բացման արարողությանը, որը տեղի կունենա Ծաղկաձորում։
Տուրլովի հանդիպումների ընթացքում Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում կքննարկվեն շախմատի զարգացման, կրթական ծրագրերի և միջազգային համագործակցության հարցեր։
Ծաղկաձորում մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 3-ը։ Սեպտեմբերի 28-ը մասնակիցների ժամանման օրն է։ Մրցաշարին մասնակցում է 25 երկրի 27 դպրոցական թիմ, Հայաստանը ներկայացված է 3 թիմով։
Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տուրլովը ՖԻԴԵ-ի նախագահ էր ընտրվել սեպտեմբերի 26-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







