ՀՀ ներքին գործերի նախարարությունը ոստիկաններին առաջարկել է տեխնիկական միջոցներով տեղում ստուգել վարորդների թուքը՝ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը պարզելու համար։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում։
Ներկայում թմրամիջոց կամ հոգեմետ նյութ օգտագործելու հանգամանքը պարզելու համար նախատեսվում է արյան կամ մեզի հետազոտություն։ ՆԳՆ-ն առաջարկում է այդ ցանկում ներառել նաև թքի հետազոտությունը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայում ոստիկանությունը կարող է տեխնիկական միջոցներով ինքնուրույն ստուգել վարորդներին միայն ալկոհոլի օգտագործման համար՝ արտաշնչած օդում դրա պարունակությունը որոշելու միջոցով։ Թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգումն իրականացվում է բժշկական կազմակերպությունում՝ արյան կամ մեզի նմուշների միջոցով։
Առաջարկվող փոփոխությունների դեպքում ոստիկանները հնարավորություն կունենան վարորդի թուքը տեխնիկական միջոցով ստուգել անմիջապես տեղում։ Թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հայտնաբերման դեպքում ստուգման արդյունքը կարող է հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։
ՆԳՆ-ն ակնկալում է, որ փոփոխությունները հնարավորություն կտան առավել արդյունավետ կանխել թմրամիջոց օգտագործելուց հետո տրանսպորտային միջոց վարելու դեպքերը։
Նախագիծը մշակվել է կառավարության՝ 2025 թվականի հունիսի 5-ին հաստատած՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության շրջանակում։
Փոփոխություններն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







