Բաքուն պատրաստվում է առաջիկայում նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ դրա հստակ ազդակներից են ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկիմաստ հայտարարությունը՝ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների տուն վերադառնալու» մասին, ինչպես նաև շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ, նրա գնահատմամբ, փաստացի ոտնձգությունը։
«Նիկոլ Փաշինյանի (ՀՀ վարչապետ-խմբ․) առաջարկած «խաղաղությունը», որը հիմնված է անվերջանալի զիջումների տրամաբանության վրա, երբեք իրական խաղաղություն չի բերելու․ այն միայն դուռ է բացում թշնամու նոր հավակնությունների, Հայաստանի ինքնիշխան տարածքների և մեր մշակութային ու հոգևոր ժառանգության հաշվին նոր զիջումների համար»,- գրել է պատգամավորը։
Աբրահամյանի խոսքով՝ ուժեղ Հայաստանի դեպքում իրենց քաղաքական ուժը խաղաղություն կբերի՝ առանց զիջումների՝ հիմնվելով հավասարակշռված դիվանագիտության և տնտեսական հզոր զարգացման վրա։
Նա նաև նշել է, որ արտաքին խաղաղություն հնարավոր չէ կառուցել, եթե խաղաղություն չկա երկրի ներսում, և եթե երկրում տիրում են պառակտումն ու անորոշությունը։
«Միայն ներքին համերաշխության, հզոր տնտեսության և արժանապատիվ արտաքին քաղաքականության համադրությամբ է հնարավոր կերտել անվտանգ ու ապահով ապագա»,- հավելել է Աբրահամյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



