Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ, հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, որ ահազանգից հետո ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ N զորամաս՝ դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
Այցի ընթացքում նրանք առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների, այդ թվում՝ այն զինծառայողի հետ, որի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել։ ՄԻՊ-ը չի հրապարակել առանձնազրույցների բովանդակությունը՝ ընդգծելով դրանց խորհրդապահական բնույթը։
ՄԻՊ-ն ընդգծել է, որ Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է, իսկ նման դեպքերի վերաբերյալ տեղեկությունները պետք է ենթարկվեն պատշաճ և բազմակողմանի քննության։
Պաշտպանն իրավասու մարմիններին նաև հորդորել է նման դեպքերում իրականացնել պատշաճ ներքին ուսումնասիրություն, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ արդյունավետ քննություն քրեական վարույթի շրջանակում։
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ վատ վերաբերմունքի կանխարգելման համար կարևոր են դեպքերի պատշաճ քննությունն ու պատասխանատվության անխուսափելիությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







