«Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը նոյեմբերի 23-ին կայցելի Երևան, հայտնել է Հայկական կինոընկերությունը։
Քեմերոնի հետ հանդիպումը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 19:00-ին։ Քեմերոնը կխոսի իր ստեղծագործական կարիերայի, կինոարտադրության, հիմնական ստեղծագործական գաղափարների և տեխնոլոգիական նորարարությունների մասին։
Միջոցառման ընթացքում նախատեսված է նաև հարցուպատասխան հանդիսատեսի հետ, որից հետո կկայանա համերգ՝ ռեժիսորի ֆիլմերի երաժշտությունների հիման վրա։ Համերգային ծրագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
«Զրույց Ջեյմս Քեմերոնի հետ. կինոլեգենդը՝ ուղիղ եթերում Երևանում» խորագրով միջոցառումը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը, իսկ կազմակերպիչը Mezzo Production-ն է։
Ջեյմս Քեմերոնը նկարահանել է «Տերմինատոր», «Օտարերկրացիներ», «Տերմինատոր 2. Դատաստանի օր», «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերը։ «Տիտանիկն» արժանացել է 11 «Օսկարի», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։
«Տիտանիկը» և «Ավատարը» տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել են համաշխարհային կինովարձույթի պատմության ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերի առաջին հորիզոնականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







