Սեպտեմբերի 24-ին պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Գերատեսչությունից հավելել են, որ կատարվում է նախաքննություն, այլ մանրամասներ չեն հաղորդել։ Մամուլը դեպքի վերաբերյալ մի շարք վարկածներ է շրջանառության մեջ դրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ նախաքննության ընթացքում «տեղեկություններ են ի հայտ եկել նախկինում թմրանյութերի հետ կապված վարույթի, ինչպես նաև պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրների մասին»։ Նշվում է, որ իրավապահները դրանց կապը զինծառայողի մահվան հետ չեն հաստատել։ Թերթի տվյալներով՝ հարցաքննված ծառայակիցները հայտնել են, որ դեպքից առաջ զինծառայողի վարքագծում արտառոց որևէ բան չեն նկատել։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Սիսիանում զինծառայողի մահվանը նախորդել էր զինծառայողների միջև ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն, որից հետո նռնակ է պայթել։ Թերթի աղբյուրի պնդմամբ՝ դեպքից հետո զինծառայողներից պահանջել են տեղեկություններ ներկայացնել իրենց վարկերի վերաբերյալ։
Զինծառայողի մահվան մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր սեպտեմբերի 24-ին։ ԶԼՄ-ները գրել էին, որ դեպքը տեղի էր ունեցել Սիսիանում, նախնական վարկածով՝ «զինծառայողն ինքնասպանություն էր գործել նռնակը պայթեցնելու միջոցով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







