Սպիտակ տունը դատարանին տեղեկացրել է, որ վերականգնել է CNN-ի, MSNBC-ի և Politico-ի լրագրողների մուտքը շենք. այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի գործառնությունների գծով տնօրեն Միկա Ստոպերիչի պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է Associated Press-ը։
Ըստ դատարան ներկայացված փաստաթղթի՝ հինգշաբթի առավոտյան Սպիտակ տունը կարգադրել է վերաակտիվացնել լրագրողների մշտական անցագրերը։ Դրանից հետո ԱՄՆ գաղտնի ծառայությունը համակարգում վերականգնել է դրանց գործողության ժամկետը, իսկ նախկինում առգրավված անցագրերը փոխանցել է անվտանգության անցակետ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանձնելու համար։ Լրագրողներն արդեն հաստատել են Սպիտակ տան տարածքում իրենց աշխատանքը վերսկսելու փաստը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, Կոլումբիայի շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Տիմոթի Քելին բավարարել էր լրատվամիջոցների համատեղ հրատապ միջնորդությունը և 14 օրով կասեցրել Սպիտակ տան սահմանած սահմանափակումները՝ վարչակազմից պահանջելով «անհապաղ վերականգնել» լրագրողների հավատարմագրումը։
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տան տարածքում արգելվում է CNN-ի, MSNBC-ի և Politico-ի աշխատանքը՝ նրանց մեղադրելով «կեղծ լուրեր» տարածելու մեջ։Ի պատասխան՝ երեք լրատվամիջոցն էլ հայց էր ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ՝ պնդելով, որ խախտվել է խոսքի ազատության վերաբերյալ Սահմանադրության առաջին փոփոխությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







