«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ռուսական գազից հրաժարվելու և Հայաստանը կրկին Ադրբեջանից կախվածության մեջ դնելու մտադրության մեջ։ Այս մասին նա հայտարարել է 24News-ին տված հարցազրույցում։
«Փաշինյանն ինքն է հրահրում այդ ամենը, որպեսզի Հայաստանը նորից կախվածության մեջ գցի Ադրբեջանից և հրաժարվի ռուսական գազից։ Ադրբեջանն սկզբում մի քանի խորանարդ մետր գազ կտա Հայաստանին, որպեսզի, երբ ուզի, հենց հասնենք Սևանին, այդ գազի փականը մեկ օրում հայտնվի համապատասխան տեղում»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև զգուշացրել է գազի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքների մասին։
«Եթե գազի գինը թանկացավ, արդեն նույնիսկ պատկերացնելն է դժվար՝ ինչ կլինի մեր տնտեսության հետ»,- ասել է Կարապետյանը։
Ադրբեջանից գազ ստանալու հնարավորության մասին Հայաստանի պաշտոնյաները խոսել էին նաև նախկինում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը դեռ 2023 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ քաղաքական խնդիրների բացակայության դեպքում Հայաստանը պատրաստ է գազ ստանալ Ադրբեջանից, ինչպես նաև դառնալ դեպի Եվրոպա գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման տարանցիկ երկիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







