Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ընտրանու նկատմամբ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
7 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 14 հնարավորից վաստակել է 12 միավոր։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումն օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշն ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ։ Նշվում է, որ այս խաղափուլում Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել հայ գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը։
Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով առավելության է հասել Ուեսլի Սոյի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Շանթ Սարգսյանը՝ Հանս Մոկե Նիմանի հետ։
7 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14 հնարավորից վաստակել է 12 միավոր։
6-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության էր հասել Իրանի հավաքականի նկատմամբ: Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել էր Լատվիային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







