ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Կոտայքի մարզի Առինջ համայնքում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99,94% նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին օտարելու գործով, հայտնել է Պետական վերահսկողական ծառայությունը։
Գերատեսչության վարկածով՝ 700 մմ տրամագծով մայրուղային գազատարով ծանրաբեռնված և օտարման ոչ ենթակա 16,17 հա հողատարածքն աճուրդով վաճառվել է «Ավիասերվիս» Հ/Ձ ՓԲԸ-ին, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։
ՊՎԾ-ն հայտնել է, որ 2017 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա Առինջի 11,2 հա արտադրական, 36,29 հա բնակավայրերի և 28,96 հա այլ բարձրարժեք հողերը՝ ընդհանուր 8 մլրդ 38 մլն 9 հազար դրամ (մոտ 21,15 մլն դոլար) կադաստրային արժեքով, փոխադրվել են արոտավայրերի կատեգորիա։
Արդյունքում՝ հողերի կադաստրային արժեքը նվազել է 8 մլրդ 32 մլն 848 հազար դրամով (մոտ 21,14 մլն դոլար) կամ շուրջ 99,94%-ով՝ հասնելով 5 մլն 160 հազար դրամի (մոտ 13,6 հազար դոլար), նշել է ծառայությունը։
ՊՎԾ-ի տվյալներով՝ հողերն աճուրդի են դրվել՝ անտեսելով օրենսդրական պահանջը, ըստ որի՝ մեկ լոտով օտարվող հողամասի առավելագույն չափը չէր կարող գերազանցել 20 հեկտարը։ Նշված հողերը համայնքի ղեկավարի որոշմամբ աճուրդով 21 մլն 533 հազար դրամով (մոտ 56,7 հազար դոլար) օտարվել են «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին, հայտնել է ծառայությունը։
Նշվում է, որ սեփականության իրավունքի պետական գրանցման մերժումից հետո նոր աճուրդներ հայտարարելու փոխարեն փոփոխվել են նախկին աճուրդների արձանագրություններն ու համայնքի ղեկավարի որոշումները։ Դրանից հետո, ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա, կնքվել է առուվաճառքի չորս պայմանագիր, գրանցվել են սեփականության իրավունքները։
Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորել էր։ Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Այդ ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել։
ԶԼՄ-ները նաև հայտնել էին Ծառուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին՝ պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







