Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առնչվող քրեական վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ), Armenia Today-ը տեղեկացել է Գլխավոր դատախազությունից։
Վարույթի հիմքում, ԶԼՄ-ների տվյալներով, շաքարի ներմուծման շուրջ հարցերն են։ Shamshyan.com-ը սեպտեմբերի 15-ին գրել էր, որ Երևանի բնակիչ 36-ամյա Հարություն Ք.-ն հաղորդում է ներկայացրել և պնդել, որ Աբրահամյանի ցուցումով քրոջ՝ Ալլա Ք.-ի անունով ստեղծվել է շաքար ներկրող «Սմարթ Կարգո» ընկերությունը, որի համար վերցվել է 470 մլն դրամի վարկ։ Ըստ ԶԼՄ-ի՝ Հարություն Ք.-ն հայտնել է, որ հետագայում Աբրահամյանն իրենից պահանջել է հրաժարվել շաքարի ինքնուրույն ներկրումից և առաջարկել է միջնորդի դեր ստանձնել, իսկ շաքարի ներկրումն իրականացնել նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի միջոցով։
Ըստ դիմումատուի՝ Աբրահամյանն ասել է, որ շաքարի ներկրումը տասնամյակներ շարունակ համարվել է Ալեքսանյանի բիզնեսը։ Քաղաքացին, ըստ ԶԼՄ-ի, ոստիկանությանը հայտնել է նաև, որ առաջարկից հրաժարվելու դեպքում Աբրահամյանն իրեն սպառնացել է՝ ասելով, որ նրա «ոտքերը կջարդեն» կամ «մի օր, մի տեղ կխփեն»։
ԶԼՄ հրապարակումից հետո՝ սեպտեմբերի 16-ին, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնել էին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել մարդուն առևանգելու փորձի, առանձնապես խոշոր չափերով խարդախության և շորթման, ուրիշի գույքն ապօրինի օգտագործելու, ինչպես նաև մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։
ՔԿ-ից պարզաբանել էին, որ վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ քննչական ենթակայությամբ Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ) ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 23-ին, դատախազությունից Armenia Today-ին հաստատել էին, որ վարույթն արդեն փոխանցվել է ՀԿԿ։
Armenia Today-ը, հղում անելով պետական ռեգիստրի տվյալներին, տեղեկացել է, որ բնակչի քույրը՝ Ալլա Քնարյանը, 2025 թվականի մարտի 17-ից «Սմարթ Կարգո» ընկերության 100% իրական շահառուն է։
Գերատեսչությունները քրեական վարույթի շրջանակում Աբրահամյանի դատավարական կարգավիճակի վերաբերյալ տեղեկություն չեն հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







