Միացյալ Նահանգներն անհապաղ սկսում է Գրենլանդիայում իր ռազմական ներկայության ընդլայնման գործընթաց, այդ թվում՝ կղզում երկու ռազմակայանի կառուցում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։
«Միացյալ Նահանգների ոչ մի հակառակորդի այլևս թույլ չի տրվի ռազմական ներկայություն հաստատել Գրենլանդիայում կամ այնտեղ զգալի ներդրումներ կատարել՝ առանց մեր հստակ գրավոր համաձայնության։ Անհապաղ կսկսենք համապատասխան վայրերում մեր ռազմական ներկայությունն ընդլայնելու գործընթացը։ Կկառուցենք երկու շատ մեծ ռազմակայան»,– հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Դանիայի և Գրենլանդիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ է տալիս ԱՄՆ-ին մշտական վերահսկողություն հաստատել կղզու անվտանգության և «բոլոր այլ կարիքների» նկատմամբ։
Թրամփը Գրենլանդիայում ԱՄՆ-ին մշտական ռազմական իրավունքներ տրամադրող համաձայնագրի կնքման մասին հայտարարել էր սեպտեմբերի 19-ին։ Նա նշել էր, որ պայմանավորվածությունները թույլ չեն տա Վաշինգտոնի հակառակորդներին ռազմակայաններ տեղակայել Գրենլանդիայում, ինչպես նաև կարգելեն «զգայուն ներդրումները»՝ առանց ԱՄՆ-ի գրավոր հավանության։
Գործարքի պայմաններին ծանոթ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ համաձայնագրի մանրամասները մինչև ստորագրումը վերջնական տեսքի չեն բերվել։ Դանիան, Գրենլանդիան և ԱՄՆ-ն փաստաթուղթը ստորագրել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը կվերականգնի իր ներկայությունը Նարսարսուակում, որտեղ 1950-ականներին տեղակայված էր ամերիկյան Bluie West One ռազմակայանը, ինչպես նաև հենակետ կզբաղեցնի Մեստերսվիգում, որն օգտագործվում է դանիական հատուկ նշանակության ուժերի կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







