Կուսակցություններն ու դաշինքներն ավարտել են հոկտեմբերի 25-ի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների թեկնածուների առաջադրումը Հայաստանի 19 համայնքում, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
Գրանցումը կավարտվի սեպտեմբերի 25-ին, որից հետո պարզ կդառնա ընտրությունների մասնակիցների վերջնական կազմը։ Առաջադրված քաղաքական ուժերի թվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Ուժեղ Հայաստանը», «Ապրելու երկիրը», «Հանրապետությունը» և այլ ուժեր։ «Ուժեղ Հայաստանը» թեկնածուներ է առաջադրել միայն Ստեփանավանում։ Այս համայնքում ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել հինգ քաղաքական ուժ։ Աշնանը Հայաստանի 46 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության երեք օր է սահմանել՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։ Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն ընդհանուր առմամբ 21 համայնքում։ Դրանցից 19-ում ավագանին կընտրվի համամասնական ընտրակարգով, իսկ Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ նախատեսված են Արաքս, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ստեփանավան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Ախուրյան, Արթիկ, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Դիլիջան և Իջևան համայնքներում։
Ավելի վաղ ՀՅԴ-ն հայտնել էր, որ ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ են սկսվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







